NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Մասիս գյուղի բնակչուհի՝ 84-ամյա Օֆիկ Ա.-ի դիակը հայտնաբերելու դեպքի առթիվ: Մասիսի գյուղապետ Սողոմոն Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ կինը երկու օր առաջ` երեկոյան 23.00-ի սահմաններում, առանց ընտանիքի անդամներին որեւէ բան ասելու դուրս էր եկել տնից եւ անհետացել: Գյուղապետին այդ մասին տեղեկացրել էին, եւ նա Մաիսի բնակիչների հետ միասին ձեռնամուխ էին եղել կնոջը գտնելուն:

Սողոմոն Մարգարյանն ասաց, որ երկու օր շարունակ նրա որոնողական աշխատանքները արդյունք չտվեցին, վերջին օրը դաշտի ուղղությամբ գտել են նրա կոշիկը եւ սկսել են այդ տարածքում փնտրել կնոջը: Հենց ցորենի արտերի մեջ էլ գտել են կնոջ դին: Գյուղապետն ասաց, որ կինը հիշողության, տեսողության հետ խնդիրներ ունի, տնից  դուրս գալուց առաջ նրանց ընտանիքում որեւէ միջադեպ չի եղել, պարզապես  դուրս է եկել տնից` գյուղի մյուս հատվածում գտնվող որդու տուն այցելելու համար, սակայն երեւի ճանապարհից շեղվել էր, վատացել էր, ընկել էր: «Եւ քանի որ ընկել էր ցորենի արտերի մեջ, ոչ ոք չէր իմացել նրա տեղը, որպեսզի կարողանան օգնել: Կարող է նույնիսկ ինֆարկտ է ստացել»,- նշեց գյուղապետը

Սողոմոն Մարգարյանն վստահ է, որ կնոջը ոչ թե սպանել են, տեղի ունեցածը ընդամենը դժբախտ դեպքն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 84-ամյա Օֆիկ Ա.-ն մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ - փրկարար):

Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս եւ Բուրաստան գյուղերի մոտակայքում:

Ժամը 22.29-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն առավոտյան:

Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.05-ին Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ա-ի դին: