Չարժե Վրաստանում լուրջ բողոքի գործողություններ սպասել նախկին վարչապետի եւ ներքին գործերի նախկին նախարար, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակից Վանո Մերաբիշվիլիի ձերբակալության հետ կապված, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

«Այդպես էլ պետք է լիներ, քանի որ Մերաբիշվիլիին Սահակաշվիլիի թիմի գլխավոր քաղաքական գործիչներից էր: Նրա դեմ 2-3 դրվագով քրեական գործ է հարուցվել, թեեւ միանգամայն հնարավոր է, որ այլ մեղադրանքներ նույնպես ներկայացվեն»,-նշեց Էրոյանցը:

Նա միանգամայն հնարավոր համարեց, որ նման ճակատագրի կարող է արժանանալ նաեւ նախագահ Սահակաշվիլին, թեեւ դա կարող է տեղի ունենալ ոչ թե  մոտ ժամանակներս, այլ նախագահական ընտրություններից հետո:

Նշենք, որ Վրաստանի ՆԳ նախկին նախարար, նախկին վարչապետ ու «Միացյալ ազգային շարժման» ներկայիս գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է մայիսի 21-ինԱրեւմտյան Վրաստանի մարզային դատախազությունում հարցաքննությունից հետո: Նրա հետ միասին ձերբակալվել է նաեւ Կախեթի շրջանի նահանգապետ Զուրաբ Չիաբերիշվիլին:

Ինչպես հարցաքննությունից հետո հայտնել է դատախազության ներկայացուցիչը, խոսքը Մերաբիշվիլիի կոռուպցիոն գործունեության երկու դրվագների մասին է:

Առաջինը վերաբերում է 2012թ., երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մերաբիշվիլին աշխատանքի նախարար Զուրաբ Չիաբերիշվիլին ֆիկտիվ կերպով աշխատանքի է ընդունել ՄԱՇ ավելի քան հազար ակտիվիստների, որոնք զբաղվել էին կուսակցության քարոզչությամբ եւ բյուջեից 5,2 մլն լարի է ստացել:

Մյուս դեպքում Մերաբիշվիլին յուրացրել է Կվարիաթի գյուղում գտնվող շքեղ առանձնատունը: Ըստ քննության, նա 2009թ. ուժով խլել է  առանձնատունը եւ այն օգտագործել է 2013թ.:

Մերաբիշվիլիին եւ Չիաբերիշվիլին 7-12  տարվա ազատազրկում է  սպառնում: