Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գխխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին եւ Կախեթիայի քաղաքապետ, առողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիին։

Մերաբիշվիլիին եւ Չիաբերաշվիլին մեղադրվում են կոռուպցիոն գործունեության, ծառայողական լիազորությունների վերազանցման եւ պետական միջոցները վատնելու մեջ։

Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ-ի 164-1 հոդվածով (ընտրակաշառք), 182-րդ հոդվածի երրորդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահմամբ միջոցների յուրացում, որը հանգեցրել է լուրջ վնասի) եւ 332-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։

Առաջիկա 48 ժամվա ընթացքում դատական նիստ տեղի կկայանա, որի ժամանակ կորոշվի մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցը, հայտնում է «Նովոստի Գռուզիան»։

«Գռուզիա Online»-ը հաղորդում է, որ Վանո Մերաբիշվիլիի տան խուզարկության ժամանակ առգրավվել էր խոշոր գումար։ Ըստ Մերաբիշվիլիի փաստաբանի՝  առգրավվել են տարբեր արժույթների թղթադրամներ։

Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին ձերբակալվել էր մայիսի 21-ին՝ 2012թ. պետական զբաղվածության ծրագրերի շրջանակներում «Ազգային շարժման» աշխատակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու, ինչպես նաեւ Վրաստանի ՆԳՆ-ի միջոցները յուրացնելու գործով հարցաքննությունից հետո։ Բացի դրանից,  ավարտվում է եւս երկու դրվագներով քննությունը։ Ըստ Մերաբիշվիլիի փաստաբան Գեորգի Չիվաիշվիլիի՝ Մերաբիշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում։