Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքում վեց մարդ զոհվել, 27-ը վիրավորվել են մայիսի 21-ին տեղի ունեցած միջհամայնքային բախումների հետեւանքով։
Ալավիների եւ սունիների թաղամասերի միջեւ ականանետների, նռնականետների, եւ խոշոր տրամաչափի գնդացիրների կիրառմամբ դաժան փոխհրաձգություն էր սկսվել մայիսի 19-ին, զոհվել էր նվազագույնը ինը մարդ, վիրավորների թիվը գերազանցել էր 60-ը։
Թեեւ Տրիպոլիում տեղակայվել էին լիբանանյան բանակի եւ ժանդարմության ստորաբաժանումները, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը մարտերն առավել թեժացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը։
Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայիզ Հոսնը հանդես է եկել իրադրության լրջության վերաբերյալ նախազգուշական հայտարարությամբ։ Ըստ նրա՝ Տրիպոլիում միջկրոնական բախումներ հրահրելու փորձերը «կարող են ներգրավել ամբողջ երկիրը եւ ընդգրկել բոլորին՝ առանց բացառության»։ Նախարարը վստահեցրել է, որ բանակը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները՝ երկրում ամբողջականության պահպանման, կայունության եւ անվտանգության ապահովման համար։




























