Ռուսաստանի Խաբարովսկի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել. Վանինի շրջանի դատախազի պաշտոնակատար Սերգեյ Նաումովի մարմինը գտել են գետջում՝ բռնության հետքերով: Ձերբակալվել է երկու կասկածյալ, եւս երկուսին փնտրում են:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այսօր՝ մայիսի 22-ի վաղ առավոտյան Մուչկե գետում հայտնաբերվել է շրջանի դատախազի պաշտոնակատար Սերգեյ Նաումովի մարմինը: Նա կորել էր մայիսի 18-ի գիշերը: Մայիսի 17-ի երեկոյան Նաումովը ռեստորանում մասնակցել է բանկետի, որից հետո տուն է ուղեւորվել ու տեղ չի հասել: Մայիսի 19-ին հայտնաբերվել է նրա մեքենան, որի վրա արյան հետքեր են եղել:
Քննիչները պարզել են, որ ենթադրյալ մարդասպանները ծեծել ու տանջել են իրենց զոհին, միաժամանակ չներկայացնելով ոչ մի պահանջ:
Ինչպես գրում է BFM.RU-ն, 35-ամյա Նաումովը չի կարողացել կառավարել Toyota Camry մեքենան եւ այն հայտնվել է առվի մեջ: Այդ ժամանակ նրա մոտ կանգնել է տաքսի մեքենա, որում եղել են 4 երիտասարդներ եւ աղջիկ վարորդը: Նրանք միասին փորձել են «Տոյոտա»-ն դուրս բերել առվից: Արդյունքում էվակուատորով մեքենան դուրս են բերել առվից: Երիտասարդները խնդրել են դատախազության աշխատակցին իրենց տեղ հասցնել: Ճանապարհին նրանք խնդրել են կանգնել եւ ստուգել մեքենայի տեխնիկական վիճակը:
Դատախազի պաշտոնակատարը բացել է մեքենայի կապոտը, այդ ընթացքում երիտասարդներից մեկը կապոտը ուժեղ փակել է Նաումովի գլխին, որից հետո երիտասարդները դաժանաբար ծեծել են նրան, հարվածներ հասցնելով ոտքերով ու ձեռքերով:
Չարագործները մեքենայով անցել են Նաումովի վրայով, հետո սպանել ու նետել գետը:



























