Մայիսի 21-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Աբովյան-Երեւան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099», «ԳԱԶել», 2 հատ «Ֆորդ», «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս. Շահումյանը (մոտ 25 տ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երեւանի «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
NEWS.am-ի տեղեկություններով, սկզբում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երեւան վերադառնալու ճանապարհին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային եւ շրջվելով հայտնվել հանդիպակաց գոտում, որտեղ բախվել է «ԳԱԶել»-ին: Դրանից հետո «ԳԱԶել»-ին է բախվել նաեւ հետեւից եկող «Ֆորդ»-ը, որի հետեւանքով մեքենաները բախվել են նաեւ կայանված երկու այլ մեքենաների:




























