Փակ Շուկայի տարածքում շինարարական աշխատանքներն այս պահի դրությամբ դադարեցված են: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը` պատասխանելով «ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հարցին:
Զարուհի Փոստանջյանն իր խոսքում ասել էր. «Հարգելի եւ անկրկնելի կառավարություն, Փակ շուկայի խնդրի հետ քաջածանոթ եք, ապօրինի շինարարությունը շարունակվում է, չնայած երկու անգամ վարչական պատասխանատվության է կանչվել շինարարություն անողը: Դրանից հետո պարտադիր պետք է քրգործ հարուցվեր, սակայն գործ հարուցված չէ, իսկ այդ դեպքում պետք է երկրորդ քրգործը հարուցվեր նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տալիս ապօրինի շինարարությունը: Տվյալ դեպքում քրգործ պիտի հարուցվի քաղաքապետի նկատմամբ»:
Փոստանջյանը նշեց, թե տեղեկություն ունի, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կրկին դիմել է քաղաքապետարան, որ դադարեցվի շինարարությունը: «Եթե դուք անզոր եք, դրա համար կա քրեական պատիժ, եթե այս բարոյական խնդիրը կառավարությունը չի կարողանում լուծել իր ուժերով, ոստիկանությունով, դատախազությունով, ինչպե՞ս եք պատրաստվում կյանքի կոչել կառավարության ծրագիրը»,- նշեց նա:
Ի պատասխան Սամվել Թադեւոսյանն ասաց, թե ոլորտը վերահսկվող գերատեսչությունների կողմից քննարկվել է էսքիզային նախագիծը եւ առաջարկները ներկայացվել է քաղաքապետարան: «Նախագիծը ներկայումս գտնվում է քննարկման փուլում: Քաղաքապետի հետ պայմանավորվել ենք, եւ շինարարական աշխատանքները այս պահի դրությամբ դադարեցված են»,- ասաց նախարարը:
Զարուհի Փոստանջյանը պնդեց, որ այս պահին էլ շինարարությունն ընթանում է:
Ի դեպ, Սամվել Թադեւոսյանը շրջանցեց հարցը, թե ինչու չեն պահանջում, որ քրգործ հարուցվի ապօրինի կառուցապատողի նկատմամբ:
Նշենք, որ Փակ շուկան պատկանում է ԱԺ հանրապետական պատգամավոր, հայտնի օլիգարծ Սամվել Ալեքսանյանին:




























