Ամբողջ աշխարհում գնում է էներգակիրների թանկացման տենդենց: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` պատասխանելով Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը հարցրել էր, թե երբ է կառավարությանը հայտնի դարձել գազը վաճառող կողմի նոր առաջարկը, եւ արդյոք այժմ հայտնելը կապված չէ Հայաստանում ընտրական փուլի ավարտի հետ:

Նախարարի խոսքով, տեւական ժամանակ բանակցություններ էին գնում «Գազպրոմի» հետ: «Կարողացանք հասնել նրան, որ այսօր սահմանին գազի գինը Հայաստանի համար ամենացածր գինն է, որ Ռուսաստանը առաջարկում է իր պարտնյորներին»,- նշել է նա եւ հավելել, թե ավելի շուտ չեն խոսել բանակցությունների մասին, այլապես Հայաստանի համար 270 դոլար գինը չէր ամրագրվի: Նախարարը նաեւ պնդել է, թե այժմ այդ մասին հայտնելը որեւէ կապ չունի ընտրությունների հետ, եւ «միայն տնտեսական գործարք եւ բանակցություններ են»:

«Կառավարության գլխավոր խնդիրն է, որ հնարավորինս մեղմացնի գազի գնի ազդեցությունը Հայաստանի սպառողների վրա: Եւ կառավարությունը որոշել է սուբսիդավորել գազի գնի 30 տոկոսը սահմանի վրա: Ի՞նչ միջոցներով, ո՞ւմ կողմից, բանակցությունները դեռ ռուսական կողմի հետ շարունակվում են»,- ասել է Մովսիսյանը:

Ի դեպ, Լեւոն Զուրաբյանի հարց տալու ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց Զարուհի Փոստանջյանին. «Տիկին Փոստանջյան, դուք որ հարց էիք տալիս, բոլորս ձեզ լսում էինք, իսկ հիմա խանգարում եք ձեր գործընկերոջը,  այն էլ` ընդդիմությունից»: «10 վայրկյան կավելացնեք»,- նշեց Լեւոն Զուրաբյանը: «20 վայրկյան իմ կողմից»,- ազդարարեց Հովիկ Աբրահամյանը: