ԲՈՒՀ-երի միասնական ընդունելության քննությունների քննական հարցաշարարերն անօրինական են, քանի որ հիմնված են շտեմարանների վրա, իսկ շտեմարանները կրթական ծրագրերում չկան:  Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը՝ հարց ուղղելով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Ա. Աշոտյանը պատասխանեց, որ քննությունների թեման ողջ տարին անտեսվում է, սակայն քննությունների նախօրեին սկսվում են հանրային քննարկումներ: Ա. Աշոտյանն ասաց, որ քննական գործընթացում քննադատությունների 99%-ը վերաբերել է քննական թեսթերի որակին, աննշան չափով՝ կոռուպցիային, քննությունների կազմակերպման տեխնիկական թերությույններին: «Հասկացանք, որ երեխաներին տրվող քննական առաջադրանքները պետք է լինեն կանխատեսելի ու որակյալ: Ակնհայտ է, որ շտեմարանը թույլ է տալիս լուծել մի շարք խնդիրներ՝ քննական հարցերը դառնում են կանխատեսելի, մաքրվում են անորակ հարցադրումները»,- ասաց Ա. Աշոտյանը, հավելելով, որ շտեմարաններն ընդամենը ժողովածու են, ու դրանց օգտագործումը օրենքին չի հակասում: