Ռուսաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում իր միջնորդական ակտիվությունը վերականգնել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

«Համանախագահ երկրների հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք մտադիր են կրկին նոր ազդակ հաղորդել բանակցային գործընթացին: Սակայն սա չի նշանակում, որ լուծումները գտնվել են, այլ նշանակում է, որ Սաֆարովի միջադեպից հետո ստեղծված լարվածությունը մի փոքր մեղմանում է», - նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ համանախագահող երկրները բանակցային գործընթացը կակտիվացնեն Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո:

Ըստ Նարեկ Գալստյանի՝ այժմ հայտնի չէ, թե նրանք ինչ արդյունքի կհասնեն, բայց ամեն դեպքում բանակցային ռիթմի վերականգնում է նկատվում:

Քաղաքագետը նաեւ ընդգծեց, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել, որպեսզի Ստեփանակերտը մասնակցի պաշտոնական բանակցություններին:

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, Նարեկ Գալստյանի համոզմամբ՝ հարկ է կրկին նշել, որ դրանք վերջնական չեն. «Պարտադիր չէ, որ դրանք բոլորը խաղաղ համաձայնագրի հիմք դառնան, Մադրիդյան սկզբունքները բանակցային փաթեթում են եւ դրա մասն են կազմում», - ամփոփեց քաղաքագետը: