Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին երկու տարիներին որոշակի խնդիրներ էին ծագել, եւ Ռուաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման միջոցով փորձ արվեց համագործակցությանը դրական լիցքեր հաղորդել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:
Ըստ նրա՝ կողմերը հանդիպման ընթացքում փորձեցին այնպիսի ոլորտներ եւ հարցեր շոշափել, որոնց շուրջ հնարավոր կլինի հետագայում վերականգնել փոխհարաբերությունները:
«Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ այս երկու պետությունները ոչ միայն սահմանակից են, այլեւ ռազմավարական միեւնույն միջավայրն ունեն: Ռուսաստանը չի կարող հենց այնպես Ադրբեջանի դեմ գործել, Ադրբեջանն էլ չի կարող հաշվի չառնել տարածաշրջանում Ռուսաստանի շահերը», - նշեց Նարեկ Գալստյանը՝ ընդգծելով, որ հենց դա է պատճառը, որ նրանք փորձում են համագործակցության եզրեր գտնել:
«Ընդհանուր առմամբ, նրանց հարաբերությունները երբեք էլ թշնամական չեն եղել, իրականում խոսքը համագործակցության մեծ ներուժի մասին է»,- ընդգծեց Նարեկ Գալստյանը՝հավելելով, որ Ռուսաստանն իր շահերն ունի ու հայամետ քաղաքականություն չի վարում:
Հիշեցնենք, մայիսի 21-ին կայացել էր Ռուաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:



























