ԵԱՀԿ-ն կողմ է սպառազինությունների վերահսկողության հարցում երկխոսությունը վերսկսելուն եւ առաջարկում է այն միացնել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին նոր պայմանագրին: Այս մասին մայիսի 23-ին Մոսկվայում ընթացող անվտանգության միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Նրա խոսքով՝ նոր պայմանագիրը կարող է քաղաքական եւ իրավական պայմանավորվածությունների խառնուրդ լինել: Մասնավորապես, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը առաջարկել է նոր փաստաթղթում ընդգրկել Բալթյան երկրներին եւ Արեւմտյան Բալկաններին:
Ըստ նրա՝ սովորական զինված ուժերի նկատմամբ վերահսկողությունը պետք չէ կապել զինված հակամարտությունների կարգավորման հետ, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը մտահոգում է կազմակերպությանը, քանի որ սպառնում է կազմակերպության անդամ Թուրքիայի անվտանգությանը:
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել էր 1990թ.՝ Վարշավյան պայմանագրի պետությունների կողմից: 2007թ. Ռուսաստանը հայտարարել էր պայմանագրին իր մասնակցությունը միակողմանի դադարեցնելու մասին՝ հիմնավորելով, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն ցանկանում վավերացնել պայմանագրի՝ 1999թ. ընդունված հարմարեցված տարբերակը:
Հիշեցնենք, Մոսկվայում եվրոպական անվտանգության գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է ավելի քան 300 մարդ: Հրավիրված են ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները, այդ թվում՝ Հայաստանի պաշտպանության նախարարը:



























