Ադրբեջանցի լրագրողները Մամուլի ազատության համաշխարհային օրը նշելու առիթ չեն տեսնում, քանի որ անցյալ տարվա ընթացքում իրենց գործընկերները ենթարկվել են հետապնդումների, ձերբակալությունների եւ հարձակումների, իսկ միջազգային զեկույցներից մեկում նախագահին անվանել էին «մամուլի գիշատիչ»: Այդ մասին գրում է Շահլա Սուլթանովան (IWPR, Մեծ Բրիտանիա):

«Ազիդլագ» ընդդիմադիր թերթի քաղաքական բաժնի վարիչ Սեյմուր Հազիին սպառնացել, իսկ հետո առեւանգել եւ ծեծել էին, երբ նա հոդվածներ էր գրել նախագահ Իլհամ Ալիեւի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մահթիեւի մասին:

Նախիջեւանում «Ազատություն» ռադիոյի լրագրող Յաֆեզ Աքրամօղլուն ռադիոկայանում սկսել էր աշխատել 2010թ., սակայն մի քանի ամիս անց իր եւ իր ընտանիքի անդամների վրա գործադրած ճնշումների պատճառով  փախել էր սեփական տնից:

2011թ. օգոստոսին Աքրամօղլուն արտաքսվել էր Իրան, իսկ այս տարվա ապրիլի 4-ին էլեկտրոնային նամակ էր ստացել, որը պարունակում էր մի կնոջ եւ Facebook-ում իր կեղծ էջի հեղինակի միջեւ  սեռական բնույթի նամակագրություն:

«Հենց նույն օրն ինձ զանգեցին եւ ասացին, որ եթե չդադարեցնեմ լուսաբանել Նախիջեւանի իրադարձությունները, այդ նամակագրությունը եւ կեղծ լուսանկարը կհրապարակվեն: Նաեւ նախազգուշացրել էին, որ եթե հայտնեմ զանգի կամ նամակի մասին, ապա իրենք կսպանեն իմ ընտանիքին»:

Նույն կեղտոտ գործողություններն են իրականացվել նաեւ կոռուպցիայի թեման լուսաբանող լրագրող Քադիջա Իսմայլովայի նկատմամբ:

Բաքվում Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Էմին Հուսեյնովը հայտնել է, որ անցյալ տարվա համեմատ  մամուլի ազատության վիճակն ավելի է վատացել, որը հավանաբար կապված է այս աշնանն Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: