Պետերբուրգի միջազգային իրավաբանական երրորդ ֆորումում Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի փորձաքննական-քրեագիտական տվյալների բազայի եւ տեղեկատվական ապահովման հարցերի վերաբերյալ զեկույցը լայն արձագանք է ստացել: Որոշվել է այդ արդիական թեմայի քննարկումը շարունակել առաջիկայում, NEWS.am-ին հայտնել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը:
Ֆորումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում՝ մայիսի 15-18-ը: Մասնակցել են Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի ավելի քան 35 երկրներ, ինչպես նաեւ Ռուսաստանը եւ ԱՊՀ անդամ պետությունները:
Ամեն երկրից ժամանել էին բարձր որակավորում ունեցող իրավաբաններ, փաստաբաններ, գիտնական-իրավագետներ, պետական իշխանության մարմինների, գիտահետազոտական խոշոր կենտրոնների ներկայացուցիչներ եւ այլն: Ֆորումի աշխատանքին Հայաստանից մասնակցել են արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը եւ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ներկայացուցիչ Տաթեւիկ Դավթյանը:
Միջոցառումը բացել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ֆորումի աշխատանքին մասնակցել են ՌԴ Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարար Ի. Օպստելտենը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահ Պ. Տոմկան եւ այլք: Ֆորումի շրջանակում անցկացվել են բազմաթիվ կլոր սեղաններ, բանավեճեր, հետաքրքիր հանդիպումներ, կարծիքների փոխանակումներ: Առաջին անգամ Պետերբուրգի Միջազգային իրավբանական երրորդ ֆորումում կազմակերպվել էր կլոր սեղան՝ նվիրված դատական փորձաքննության եւ քրեագիտության հարցերին, որտեղ էլ ելույթ է ունեցել Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը:
Ֆորումի արդյունքների ամփոփումից հետո մասնակիցները որոշել են համագործակցել շոշափված բոլոր արդիական հարցերի շուրջ:



























