Ձերբակալվել են ռուսական կրկեսի դերասան Եվգենի Մարանօղլիի դաժան սպանության մեջ կասկածվող ամուսինները։ Նրանց հայտնաբերել են շքամուտքում եղած արյան հետքերի եւ նրանց կանչած տաքսիի միջոցով։

Հիշեցնենք, որ 61-ամյա ծաղրածու-վարժեցնողի՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով մարմինը հայտնաբերվել էր մայիսի 18-ին՝  մերձմոսկովյան Ձերժինսկու փողոցի իր բնակարանում։ Սպանվածին դանակի 16 հարված էին հասցրել եւ կտրել կոկորդը։ Հաղորդվել էր, որ մուտքում կանացի կոշիկների արյունոտ հետքեր են հայտնաբերվել։

Սպանության կասկածանքով ձերբակալվել էին Էլեկտրոստալ քաղաքի բնակիչները՝ ծնված 1990 եւ 1987թթ., հայտնում է Life News-ը։ Սպանությունը կատարվել էր շահադիտական նպատակներով։

Կինը ճանաչել է ծաղրածուին եւ մայիսի 18-ին նրա հյուրն է եղել։ Ամուսնու հետ պայմանավորվածության համաձայն՝ գինարբուքի ժամանակ կինը նրա առաջ բացել է դուռը։  Դերասանը մերժել է ունեցվածքը հանձնելու պահանջը, այդ ժամանակ էլ հանցագործը կտրել է նրա կոկորդը։

Սպանությունից հետո մեղսակիցները գողացել են նյութական արժեքավոր իրեր, այդ թվում՝ հեռախոսը եւ նոութբուքը, ինչպես նաեւ արտիստի մրցանակները, եւ փախել։ Ձերբակալվածների բնակարանի խուզարկության ժամանակ քննիչները հայտնաբերել են գողոնի մի մասը՝ պարգեւները եւ շքանշանները։