Հայաստանը գտնվում է սոցիալական բունտի շեմին, եւ դրան նպաստում է ոչ միայն բնության կողմից գյուղատնտեսության հասցված վնասը, այլեւ գազի նախատեսվող թանկացումը: Այդ մասին, այսօր՝ մայիսի 24-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով, Կառավարության ծրագիրը, որն ինքն իրեն վատը չէ, չի կարող լուծել երկրում առկա խնդիրները, քանի որ փոփոխությունները պետք է կառուցվածքային լինեն. «Կառավարության ծրագիրը ենթադրում է օրենքի շրջանակներում գործունեության իրականացում, տնտեսությունը ստվերից հանում, մինչեւ իշխանական համակարգի շարժիչ ուժը կոռուպցիան է: Ստեղծված իրավիճակում հեղափոխական գործընթացներ են հասունանում, որոնք ձեռնտու չեն երկրին, մեզ հարկավոր են հեղափոխական փոփոխություններ ընտրությունների միջոցով, սակայն անցած համապետական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում էվոլյուցիոն ուղին անհնար է իրագործել»:
Հակոբյանը նշել է, թե տվյալ իրավիճակում Հայաստանում սոցիալական խռովություն է հասունանում, իսկ «Ժառանգություն» կուսակցությունն աջակցելու է սոցիալական դժգոհության բոլոր օջախները: Հարցին` արդյոք երկրում ավարտվել է «Բարեւի հեղափոխությունը», պատգամավորը պատասխանել է, թե «Բարեւի հեղափոխությունը» չի կարող ավարտվել, քանի որ դա ընթանում է ամեն օր:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























