Կառավարության ծրագիրը նման է ոչ այնքան ծրագրի, որքան հռչակագրի, որով իշխանությունը նվազեցնում է տվյալ փաստաթղթի սահմանադրական նշանակությունը: Այդ մասին մայիսի 24-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, թե կառավարությունն այդպես էլ որեւէ պատժի չարժանացավ նախորդ տարիների ծրագիրը չկատարելու համար:

Մինասյանի գնահատականով, կառավարության ծրագիրը չի ներառում մի շարք կարեւոր հարցեր, ինչպես նոր ատոմակայանի կառուցումը, երկրի էներգետիկ անվտանգությունը, ազգային ավիափոխադրողի խնդիրը, որոնք չափազանց կարեւոր ռազմավարական անվտանգության տեսանկոյւնից:

Հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետի «մտքի հեղափոխություն» անելու գաղափարը, Մինասյանը պատասխանել է, որ եթե «մտքի հեղափոխությունը» պետք է արվի այնպես, ինչպես ծրագրի քվեարկությունը, դա երկրին պետք չէ. «Երկրի իշխանությունները պետք է պատրաստ լինի իշխանափոխությանը, եւ դա կլինի մտքի հեղափոխություն, սակայն նման պատրաստակամություն նրանք չունեն»:

Անդարդառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արտահայտությանը, թե որտեղ կլիներ ՀՅԴ-ն, եթե չլիներ նախագահը, Մինասյանն ասել է. «Եթե Հայաստանի նախագահը չլիներ, մենք իշխանություն կլինեինք»: