Փաստաբանները հունիսի 10-ին եւ 11-ին գործադուլ կանեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ նախաձեռնողները ավելի քան 50 փաստաբան է, այսօր կոչը տարածել են կոլեգաների շրջանում, դեռ չգիտեն` արդյունքում քանի փաստաբան կմիանա իրենց: Բայց եթե իրենց ոչ ոք էլ չմիանա, միեւնույն է, այդ ակցիան անելու են:

Նա հիշեցրեց, որ դեռեւս նախորդ տարի նույն ժամանակահատվածում գործադուլ էին արել` մատնանշելով մի շարք խնդիրներ, որոնք այս մի տարվա ընթացքում չեն լուծվել: Եւ փաստաբանները զգուշացրել էին, որ եթե այդ խնդիրները չլուծվեն, ապա նորից գործադուլ են անելու: Հայկ Ալումյանի խոսքով` այժմ ոչինչ չի փոխվել իրենց բարձրացրած խնդիրների մասով, խոսքը վերաբերում է Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելիս գործող վիճակախաղային կանոններին, երբ բողոքը ընդունել-չընդունելու հավանականությունը անկանխատեսելի է, ոչ վարույթը չընդունելն են պատճառաբանում, ոչ էլ բողոքը վերադարձնելը:

Հունիսի 10-ին եւ 11-ին փաստաբանները նախատեսում են անցկացնել միջոցառում: