Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` մայիսի 24-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել ԱՄԷ նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը եւ դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու եւ խորացնելու հնարավորությունները: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ պատմականորեն ձեւավորված հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը, երկու երկրների ղեկավարների միջեւ ջերմ հարաբերությունները ամուր հիմք են ստեղծել քաղաքական ակտիվ երկխոսության համար:
Հանրապետության Նախագահը եւ ԱՄԷ դեսպանը կարեւորել են առաջիկայում հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ դիվանագիտական շփումների ակտիվացման կարեւորությանը:




























