Երեւանի Արցախի պողոտայում տեղի ունեցած  խոշոր վթարից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց «Շտապօգնության» բժիշկ Արմեն Մկրտչյանը շարունակում է մնալ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:  Նա նշեց, որ բժշկի վիճակում առաջընթաց նկատվում է, թեեւ այն շարունակում է մնալ կայուն ծանր: Դեռ վաղ է ասել, թե խոշոր վթարի հետեւանքով ստացած վնասվածքները ինչ ազդեցություն կունենան նրա հետագա կյանքի վրա, քանի որ ամեն ինչ կախված է ռեաբիլիտացիայի ընթացքից:

Ինչ վերաբերում է վթարի հետեւանքով տուժած «Շտապօգնության» վարորդին`  Հակոբ Գալստյանին եւ բուժքրոջը` Անյա Մովսիսյանին, ապա նրանք երկուսն էլ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, գտնվում են տանը: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ վթարը բուժքրոջ հետագա կյանքի վրա որեւէ հետք չի թողնի, իսկ վարորդը լուրջ ռեաբիլիտացիայի կարիք ունի: Դեռ հայտնի չէ` երբ վերջնականապես կապաքինվեն «Շտապօգնության» աշխատակիցները եւ կվերադառնան աշխատանքի:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի ուշ երեկոյան, ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել էր, որ վթարը տեղի է ունեցել Արցախի պողոտայի թիվ 32 Ա շենքի մոտակայքում: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին շտապօգնության 007 ՍԼ 64 եւ «Մերսեդես» մակնիշի 03 ՕՍ 078 համարանիշեր ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդեսի» վարորդ՝ 34-ամյա Ա. Չիբուխչյանը տեղում մահացել էր: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցներ` բժիշկ, 33-ամյա Ա. Մկրտչյանը, բուժքույր Ա. Մովսիսյանը եւ վարորդ Հ. Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրանք տարբեր օրգանների համակցված վնասվածքներ էին ստացել՝ պոլիտրավմա:

Հիվանդանոցից հայտնել էին, որ բժշկի մոտ առկա է ծանր գանգուղեղային վնասվածք, թոքերի վնասվածք, ազդոսկրի կոտրվածք: Բուժքրոջ մոտ առկա է թոքերի ծանրագույն սալջարդ, վիրահատել են փայծաղը լյարդը կարել են եւ այլն: Վարորդ Հակոբ Գալստյանն ունի վնասվածքներ կրծքավանդակի, կոնքի, ազդոսկրի, սրունքոսկրի հատվածներում:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը Թագուհի Ստեփանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ նրանք գնում էին Խարբերդ` կանչ սպասարկելու: Այդ ժամանակ նույն ճանապարհով «Շտապօգնության» երկու մեքենաներ էին ընթանում իրար հետեւից, առաջին մեքենայի վարորդը կարողացել էր խուսափել դիմացից եկող «Մերսեդեսի» հետ բախումից, իսկ երկրորդին դա չէր հաջողվել: «Շտապօգնության» վարորդը պատմել էր, որ դիմացից եկող «Մերսեդեսը» լույսերը չէր միացրել:

Տնօրենը նաեւ տեղեկացրել էր, որ «Շտպաօգնության» երեք աշխատակիցներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ: Բուժքույրը եւ վարորդը երկար տարիներ է` աշխատում են «Շտապօգնությունում», իսկ բժիշկը` մեկ տարվա աշխատող է, նախկինում նա աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում