Վճռաբեկ դատարանի գործելակերպի պատճառով Փաստաբանների պալատի մոտ 50 փաստաբաններ հունիսի 10-ին եւ 11-ին իրականցնելու են գործադուլ: Այս մասին այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտնեցին փաստաբաններ Հայկ Ալումյանը, Նարինե Ռշտունին, Արա Զաքարյանը եւ Գեւորգ Դավթյանը:
Փաստաբանների բողոքի պատճառն այն է, որ Վճռաբեկ դատարանը բողոքներն առանց պատճառաբանության կամ ոչինչ չասող պատճառաբանությամբ վերադարձնում է: Դրանից բացի` բողոքի քննությունը եւ որոշումը շատ ուշացած է գալիս: Փաստաբանները շեշտեցին, որ Վճռաբեկ դատարանի գործելակերպի պատճառով քաղաքացիները դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ ՄԻԵԴ-ն էլ հիմնականում որոշումը կայացնում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, եւ պետությունը ստիպված է իր բյուջեից վճարել քաղաքացուն:
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ այժմ իրենց հայտարարության տակ ստորագրել է 50 փաստաբան, բայց մինչեւ հունիսի 10-ը շատերը կմիանան իրենց: Նա շեշտեց, որ այս խնդիրների հետ կապված նախորդ տարի նույն ժամանակահատվածում նորից ակցիա են արել` բարձրացնելով նույն հարցերը, սակայն որեւէ բան չի փոխվել Վճռաբեկ դատարանի գործելակերպում, այն շարունակում է մնալ նույնը: Փաստաբանի կարծիքով` խնդիրը օրենքի սխալ կիրառության մեջ է, իրենք պահանջում են մոտեցումների փոփոխություն մեջ:
Փաստաբանները նաեւ հայտնեցին, որ եթե գործադուլը որեւէ արդյունք չտա, իրենք կմտածեն արդեն հետագա քայլերի մասին:



























