Ռիո դը Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պայեշը բռունցքներով հարձակվել է բրազիլացի հայտնի երաժիշտ Բեռնարդո Բոտկայի վրա:

Օրերս Պայեշը ընկերների եւ կնոջ հետ ընթրելիս է եղել ռեստորանում: Այդ ժամանակ նրան մոտեցել է Բոտկայը եւ սկսել վիրավորանքներ տեղալ` նրան մեղադրելով ծախված լինելու մեջ: Ի պատասխան Պայեշը հարվածել է երաժշտի դեմքին: Բոտկայն այդ մասին գրել է Facebook-ում եւ հստակեցրել, որ Պայեշին անարգել է նրա աշխատաոճին դեմ լինելու համար: Հանրությունը սկսել է խիստ քննադատության ենթարկել քաղաքագլխին, գրում է  NEWSru.com-ը` վկայակոչելով BBC-ին:

Մայիսի 27-ին Պայեշը պաշտոնապես ներողություն է խնդրել երաժշտից: «Ես չպետք է այդպես արձագանքեի», - ասել է նա, հավելելով, որ ընդհանուր առմամբ ողջունում է կառուցողական քննադատությունը: «Ես չեմ ընդունում իմ կնոջ ներկայությամբ հասցված անձնական վիրավորանքները», - հավելել է Պայեշը:

Էդուարդու Պայեշը երկրորդ ժամկետով Ռիո դը Ժանեյրոյի քաղաքապետ էր վերընտրվել այս տարվա հունվարին: BBC-ն պարզաբանում է, որ քաղաքում նրա ղեկավարությամբ երբեմն վիճելի փոփոխություններ են տեղի ունենում` կապված հաջորդ տարի ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ 2016թ. Օլիպիական խաղերի նախապատրաստության հետ: