Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը Ուելսի արքայազն Չարլզին է ներկայացրել «Երեւան, իմ սեր» ծրագիրը, որը նման է  «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այդ մասին հայտնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից: (Ֆոտոռեպորտաժ)

Արմեն Սարգսյանը նշել է, որ Ուելսի արքայազնի օրինակը ոգեշնչել է իրեն աշխատելու Երեւանի պատմական վայրերի պահպանման եւ վերկանգնման ուղղությամբ:

Արմեն Սարգսյանը ներկայացրել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանին, ով ներկայացրել է 150 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մանրամասները: Ռուբեն Վարդանյանը եւ վերջինիս տիկինը հայտնել են Դիլիջանի դպրոցում արքայազնի պատվին 65 ծառ տնկելու նախաձեռնության մասին:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն էհայտնել «Երեւան, իմ սեր» ծրագրի բոլոր աջակիցներին: Նա նշել է, որ իր երազանքներից մեկն է տեսնել Դիլիջանի դպրոցի աշակերտներին որպես «Դամֆրիների տուն» ծրագրի կրթական բաղկացուցիչի մասնակից:

Արմեն Սարգսյանը նկատել է, որ տարիներ առաջ նա ոգեշնչվել էր «Դամֆրիների տուն» ծրագրով եւ այսօր արդեն ավելի մեծ երազանք ունի՝ տեսնել «Երեւան, իմ սեր» ծրագրի, Դիլիջանի միջազգային դպրոցի եւ «Դամֆրիների տուն» ծրագրի միջեւ ձեւավորված համագործակցությունը:

Բնատեսարանի ճարտարապետ լորդ Ռենդլ Սիդդելին ներկայացրել է Հայ այգի հիմնադրելու գաղափարը՝ որպես «Երեւան, իմ սեր» ծրագրի բաղկացուցիչ:

«Երեւան, իմ սեր» ծրագրի շրջանակում նախատեսվում է Երեւանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարեւանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր եւ Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաեւ մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար եւ համայնքային գործունեության կենտրոն:

Նշենք, որ Ուելսի արքայազնն այսօր ժամանել է Երեւան: Նա այսօր եղել է նաեւ Մատենադարանում եւ ծանոթացել հնագույն ձեռագրերին: Մատենադարանի մոտ հավաքվել էին մի խումբ բնապահպաններ, որոնք պաստառներ են պահել «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ: Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» եւ այլ գրառումներով: Ակտիվիստները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքավայրում արդյունահանումը, որը իրականացվելու է Չարլզին Հայաստան հրավիրած նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ընկերության կողմից: Բրիտանական արքայազնը Մատենադարան է մտել եւ հեռացել ետնամուտքից:

Լուսանկարները՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am