ԱՄՆ-ում դեմոկրատները սկսել են բացահայտ քննադատել Ջո Բայդենի միգրացիոն քաղաքականությունը՝ փորձելով նվազեցնել կուսակցության խոցելիությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, հայտնում է NBC News-ը։

Սենատում և Ներկայացուցիչների պալատում տեղերի համար մրցակցային ընտրապայքարում ներգրավված դեմոկրատ թեկնածուներն ընդունում են նախկին նախագահի վարչակազմի ձախողումները հարավային սահմանի անվտանգության ապահովման հարցում։ Միաժամանակ նրանք Դոնալդ Թրամփին մեղադրում են միգրանտների նկատմամբ չափազանց խիստ միջոցներ կիրառելու մեջ։

Տեխասից Սենատի թեկնածու Ջեյմս Թալարիկոն նախընտրական գովազդում հայտարարել է, որ Բայդենը հուսախաբ է արել ամերիկացիներին՝ չապահովելով սահմանի անվտանգությունը։ Ավելի վաղ նա ներկայացրել էր նաև սահմանային անվտանգության իր ծրագիրը։ Կանզասում դեմոկրատ Ադամ Հեմիլթոնը Բայդենի օրոք իրականացված միգրացիոն քաղաքականությունն աղետ է անվանել՝ հավելելով, որ խնդրի լուծմանն ուղղված հետագա միջոցները նույնպես վնաս են հասցրել նահանգի բնակիչներին։

Նման դիրքորոշում են հայտնել նաև Հարավային Կարոլինայից Սենատի թեկնածու Էննի Էնդրյուսը և Փենսիլվանիայից Ներկայացուցիչների պալատի տեղի հավակնորդ Փեյջ Կոգնետին։ Երկուսն էլ հայտարարել են, որ դեմոկրատները լուրջ սխալներ են թույլ տվել սահմանի պահպանության հարցում։ Կոգնետին միաժամանակ ընդգծել է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու օրինական ուղիները պահպանելու անհրաժեշտությունը։

Դեմոկրատները փորձում են հեռու մնալ նախկին վարչակազմի ոչ ժողովրդական որոշումներից՝ միաժամանակ չաջակցելով գործող նախագահի բոլոր միջոցառումներին։ Հարցումների տվյալներով՝ Թրամփի միգրացիոն քաղաքականության նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքը վատթարացել է այն բանից հետո, երբ այս տարի Մինեսոտա և Մեն նահանգներում Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության՝ ICE-ի աշխատակիցների մասնակցությամբ հրաձգությունների հետևանքով ԱՄՆ երեք քաղաքացի է զոհվել։

Բայդենի օրոք հարավային սահմանի հատումների թիվը կտրուկ աճել է միգրացիոն հոսքի ուժեղացման և Թրամփի օրոք սահմանված մի շարք սահմանափակումների մեղմացման պայմաններում։ Հանրապետականներն այս խնդիրն օգտագործել են 2024 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում՝ դեմոկրատներին մեղադրելով բաց սահմանների քաղաքականությանն աջակցելու մեջ։

Այժմ դեմոկրատները փորձում են առաջարկել այլընտրանքային մոտեցում՝ սահմանային վերահսկողության ուժեղացումը զուգորդելով միգրանտների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի հետ։ Դեմոկրատ քաղաքական խորհրդատու Սելինդա Լեյքի խոսքով՝ թեկնածուներին ձեռնտու է հեռու մնալ Բայդենից, քանի որ միգրացիան 2024 թվականի ընտրություններում հանրապետականների ամենաուժեղ թեմաներից մեկն էր։

Այովայից Սենատի թեկնածու Ջոշ Թուրեկը նույնիսկ ավելի քան 1,2 հազար կիլոմետր ճանապարհ է անցել՝ հասնելով Տեխասի Լարեդո քաղաք, որպեսզի նախընտրական տեսահոլովակ նկարահանի և աջակցի սահմանային վերահսկողության ուժեղացմանը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է միգրացիոն խնդրի լուծման համար համագործակցել երկու կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Թրամփի հետ։