Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանում արդարադատության վիճակին: Այս մասին մայիսի 29-ին Թբիլիսիում հայտարարել է ԵԽԽՎ-ի ղեկավար Ժան Կլոդ Մինյոնը՝ պատասխանելով «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի կալանավորման մասին լրագրողների հարցին:

 «Բնականաբար, մենք այս կամ այն երկրի արդարադատությանը միջամտելու իրավունք չունենք, սակայն ցանկանում ենք, որ համապատասխան ընթացակարգերը պահպանվեն: Եթե ինչ-որ մեկն իրոք պետք է պատասխանատվության ենթարկվի, ապա պետք է իսկական դատավարություն անցկացվի: Բնականաբար, մենք ուշադիր հետեւում ենք, եւ վստահ եմ, որ առաջիկայում ամբողջ երկիմաստությունը կվերացվի», - հայտարարել է Մինյոնը:

ԵԽԽՎ-ի ղեկավարը խոստացել է այս թեմայով «անկեղծ» զրուցել Վրաստանի վարչապետ Իվանիշվիլիի հետ:

 «Հանդիպմանը ես անկեղծ կխոսեմ: Մի ստիպեք ասել այն, ինչ պետք է ասեմ վարչապետին», - նշել է Մինյոնը, փոխանցում է «Գռուզիա Online»-ը:

ԵԽԽՎ-ի ղեկավարն ընդգծել է, որ հետեւում է, թե Վրաստանն ինչպես է կատարում ստանձնած պարտավորությունները: «Եթե չկատարի, Եվրախորհուրդը ստիպված կլինի դատապարտել»,- ընդգծել է Մինյոնը: