Հայաստանի ԱԻՆ-ում կազմակերպվել է պատանի հրշեջ-փրկարարների առաջնություն, որի արդյունքում ընտրված լավագույն մասնակիցներից կազմված հավաքական թիմն ամռանը կմեկնի Բելառուս` մասնակցելու փրկարարների միջազգային մանկապատանեկան հավաքին։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԻՆ-ում կայացած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրել է, որ հունիսին Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները կժամանեն Հայաստան` տեղում ուսումնասիրելու Գառնու դիտարանի սարքերի վիճակն ու քննարկելու դրանց վերագործարկման տարբերակները։
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությանն ավելի խստացնել անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը բազմամարդ օբյեկտներում։
«Ռոստելեկոմի» հետ համագործակցության արդյունքում մարզպետարաններում եւ ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ: Այն թույլ կտա արտակարգ իրավիճակների դեպքում օպտիկական մալուխներով ստեղծվող ցանցի օգնությամբ վիդեոկոնֆերանսներ անցկացնել` առցանց:
ԱԻՆ անձնակազմի կառավարման բաժնին հանձնարարվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լավագույն շրջանավարտներին ապահովել աշխատանքով։
Ա. Երիցյանին զեկուցել են, որ աղետների բժշկության թեմայով դաշտային վարժանքներ են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում։
Նախարարը հանձնարարել է խրախուսման ներկայացնել ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանին, ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանին, ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ Ա. Ցոլակյանին, ծառայության կազմակերպման վարչության պետ Ա. Խաչիկյանին եւ ՃԿԿ պետ Հ. Խանգելդյանին` արդյունավետ աշխատանքի եւ բարեխիղճ ծառայության համար։
Մայիսի 19-23-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնեւում տեղի է ունեցել ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը` ԱԻ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ։ Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ եւ ձեռք բերել հետագա համագործակցության լուրջ պայմանավորվածություններ։




























