Ֆրանսիական ոստիկանները հայտնաբերել են փախած հանցագործի կացարանը եւ ձերբակալել նրան Սեն եւ Մարն դեպարտամենտի հյուրանոցներից մեկում: Ռեդուան Ֆաիդը, ով իր հանդգնության համար «հոլիվուդյան գանգսթեր» մականունն է ստացել, ազատության մեջ անցկացրել է ընդամենը վեց շաբաթ:

40-ամյա Ֆաիդը ձերբակալվել է այսօր Pontault-Combault հյուրանոցում, որտեղ մի քանի օր համար էր վարձրել հանցակցի հետ: Ձերբակալվածի մոտից մի քանի միավոր զենք են գտել, գրում է Le Monde թերթը: Նրան բռնելու համար երկու տասնյակ ոստիկան էին ուղարկել:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Ֆաիդը աննախադեպ փախուստ էր իրականացրել Լիլլի Սեկեդեն բանտից: Նա փախել էր` պայթեցնելով խցի պատը: Ֆաիդը պատանդ էր վերցրել անձնակազմի 5 անդամների, որոնցից չորսին ավելի ուշ բաց է թողել: Լքելով բանտի շենքը, նա պատանդներից մեկի հետ մեքենա էր  նստել, սակայն որոշ ժամանակ անց լքել եւ այրել էր մեքենան` մեկ ուրիշը նստելով: Ամեն ինչ շատ արագ էր կատարվել, հավանաբար լավ նախապատրաստվել էր փախուստին:

Ռեդուան Ֆաիդը քրեական աշխարհի իսկական ֆենոմեն էր` իր հանցանքներում հոլիվուդյան ֆիլմերի տարրեր օգտագործելով: Նա հանցագործություններ էր կատարել տարբեր մայրցամաքներում: