Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մայիսի 25-ին, Փարիզի Դեֆանսի շրջանում զինվորի վրա հարձակման մեջ կասկածվող արմատական իսլամիստին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը:

Կասկածյալը 22-ամյա երիտասարդ է, ում ձերբակալել են այսօր՝ մայիսի 29-ի առավոտյան: Ինչպես հաղորդում է France 24-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, երիտասարդը վերջին 3-4 տարիներին աչքի է ընկել իր արմատական իսլամիստական հայացքներով: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա աղոթում հարձակումից մի քանի րոպե առաջ:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ին, անհայտ անձը հարձակվել է զինվոր Կորդյեի վրա, ով երկու այլ զինվորների հետ պարեկություն էր իրականացնում Դեֆանս թաղամասում:

Չարագործը դանակով վնասել է զինվորի վիզը ու անհետացել ամբոխի մեջ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույն օրը հայտարարել է, որ դեռ հիմքեր չունեն հայտարարելու, որ այդ հարցումը կապ ունի Լոնդոնոի կենտրոնում Վուլվիչի վրա կատարված հարձակման հետ:  Վիրավորված Սեդրիկ Կորդյեն ապաքինվել է եւ վերադարձել ծառայության:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին երկու բրիտանացիներ (ծագումով Նիգերիայից) դանակահարել էին Թագավորական գնդի թմբուկահար 25-ամյա Լի Ռիգբիին: