Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը, շրջելով Թուրքիայի արեւելյան շրջաններով, Վանում ուշագրավ հայտարարություններով է աչքի ընկել: Մասնավորապես նա առաջարկել է, մինչեւ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցը, Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերաբացել կրոնական արարողությունների համար եւ գմբեթին խաչ տեղադրել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթը:
Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը Վանի Աղթամար կղզուց վերադառնալիս, հենց Վանա լճի կենտրոնում, նավի մեջ հարցրել է Վանի նահանգի Գեւաշի քաղաքապետ Նազմի Սեզերին. Եթե Աղթամարի եկեղեցին մեկ անգամ եւս վերաբացենք, կրոնական արարողությունների համար բացենք, ի՞նչ կլինի։ Գեւաշի քաղաքապետը պատասխանել է. «Պարոն նախարար դա հրաշալի կլինի, դեռ պետք է խաչն էլ տեղադրել: Իսկ հակազդեցություն չի՞ լինի»։
Պետնախարարը պատասխանել է. «Ի՞նչ հակազդեցություն, ընդհակառակը անհավատալի մի զբոսաշրջային բում կլինի: Տեսեք, ես ամեն օր աշխարհի տարբեր անկյուններից պահանջներ եմ ստանում, որ Աղթամարը կրոնական արարողությունների համար բացվի: Ահա նավում նստած բոլորը նույնն են ասում: 10 ժամ է Վանում շրջում եմ, եւ ում հետ հանդիպում եմ նույնն են ասում: Աթենքում մի մզկիթ տեսա, որը կողպած էր: Դրանից շատ նեղվեցի ու հիմա նույնպես նեղվեցի, երբ տեսա Աղթամարի եկեղեցին այս վիճակում: Ինչ ցավալի է, այնպես չէ: Մի՞թե Աղթամարը այս հողերի հարստությունը չէ: Եվրոպայում մզկիթներ են բացում, որպես աղոթատեղի, ի՞նչ է լինում: Իսկ Աղթամարում ինչո՞ւ է արգելված։ Այս ի՞նչ վիճակ է։ Փակել հայկական սահմանը, արգելել քրդերենը, դե հույներն էլ վատն են: Տարիներով սարսափ ֆիլմի մեջ ենք ապրել: Կոմունի՞զմ է գալիս՝ փակեք սովետական սահմանը, Ֆունդամենտալի՞զմն է գալիս՝ փակեք Իրանի հետ սահմանը, ահաբեկչությո՞ւն կա՝ Սիրիայի սահմանին ականներ տեղադրեք, հայկական պահանջատիրությո՞ւն կա, փակեք Հայաստանի սահմանը: Լավ այսպես ու՞ր ենք գնալու: Ահա այսպես է ազգը փակվում աշխարհի առաջ: Ես հենց Վանա լճի կենտրոնում տեսա, թե ինչպես է ազգը իր պատմությունը եւ հարստությունը գազանաբար ոչնչացնում: Կարծում եմ, ես տեսա երկար տարիներ փնտրվող Վանա լճի հրեշին: Այո, այդ երեւակայական հրեշը մենք ենք, քանի որ տարիներով մեր ազատությունը, հավատքը, հարստությունները, պատմությունը ոչնչացնում ենք, այն էլ դաժանաբար:
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը մի կարեւոր գործընթաց է սկսել: Ազգային հավաքականի հետ Երեւան գնացինք: Հիմա Հայաստանի նախագահն է Թուրքիա գալու: Ահա, առաջարկում եմ, ի՞նչ կլինի, եթե մինչ Հայաստանի նախագահի Թուրքիա գալը Աղթամարի եկեղեցին բացենք կրոնական արարողությունների համար եւ գմբեթին էլ խաչ տեղադրենք: Մի՞ թե դրանով այլ Աստծո ծառայություն մատուցած կլինենք: Ոչ, ծառայություն կմատուցենք մարդկությանը, խաղաղությանը եւ կրոնական ազատությանը: Հիշենք, որ Օսմանյան կայսրության ժամանակ Աղթամարի եկեղեցին դիմել է սուլթանին հոգեւոր դպրոց բացելու համար եւ դրական պատասխան է ստացել: Քահանաները եկեղեցու պատին շնորհակալական գրություն են թողել: Ինձ ցույց տվեցին եկեղեցու ներսում գտնվող այդ գրությունը: Ես տեսա այդ գրության մեջ պետության ուժը, հարստությունը, մեծությունը, անվախությունը: Օսմանյան կայսրությունից, մեր պատմությունից դաս չքաղե՞նք։ Այդքան վախենու՞մ ենք»։ Ահա այսպես է արտահայտվել Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը:




























