Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին մայիսի 29-ին Թբիլիսիում ԵԽԽՎ-ի ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնի հետ հանդիպման ընթացքում խնդրել է հնարավորինս շատ չեզոք դիտորդներ ուղարկել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարություններին հետեւելու համար:

Ըստ նրա՝ միանգամայն բնական է, որ որեւէ երկրում նախկին նախարարաների կամ վարչապետի ձերբակալության մասին լուրերը հարցեր են առաջացնում, եւ ստեղծված իրավիճակում  խոսնակը կոչ է արել չհավատալ ոչ ներկայիս իշխանություններին, ոչ նախորդներին, այլ հնարավորինս շատ  չեզոք դիտորդներ ուղարկել:

«Ինչ վերաբերում է քաղաքական հակառակորդների հայտարարություններին, որ դա քաղաքական հետապնդում է եւ այլն, ես պատասխան հարց ունեմ իրենց՝ եթե իրենք գիտեն, որ Վանո Մերաբիշվիլին կապ չունի մայիսի 26-ի իրադարձությունների հետ, ապա թող ասեն՝ ո՞վ կապ ունի», - ասել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Ավելի վաղ Մինյոնը հայտնել էր, որ ԵԽԽՎ-ն անհանգստացած է Վրաստանում կատարված  մի շարք աղմկահարույց ձերբակալությունների առթիվ:

Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին մի շարք մեղադրանքներով ձերբակալվել էր ՆԳՆ-ի նախկին ղեկավար եւ  պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան: Բանտարկված է նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Մայիսի 21-ին կալանավորվել էր նաեւ նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին: