Գերմանիան Հոլոքոստի զոհերին 1 մլրդ դոլար կվճարի, հաղորդում է Հրեաների՝ Գերմանիայից նյութական պահանջների ասոցիացիան (The Conference on Jewish Material Claims against Germany): Ամենամյա փոխհատուցումների տեսքով այդ գումարը կվճարի Գերմանիայի իշխանությունը՝ մինչեւ 2017 թվականը:

Գերմանիայի կառավարությունը համաձայնել է 2015-ին վճարել 266 մլն դոլար, 2016-ին՝ 273 մլն դոլար եւ 2017-ին՝ 280 մլն դոլար: Նախկինում համաձայնեցվել էր 2014-ին վճարվելիք փոխհատուցման գումարի չափը (185 մլն դոլար):

Բացի այդ, Գերմանիայի իշխանությունները համաձայնել են լրացուցիչ նյութական օգնություն տրամադրել հրեաներին, որոնք ապրել են, այսպես կոչված, «բաց գետտոներում», հաղորդում է Lenta.ru-ն:

Հրեաների՝ Գերմանիայից նյութական պահանջների ասոցիացիան այդ փոխհատուցումները բաշխելու է ողջ աշխարհում 56 հազար հրեաների շրջանում: Նշենք, որ այս ասոցիացիան ստեղծվել է 1951 թվականին եւ մինչ օրս Գերմանիայից ստացել է 70 մլրդ դոլար: