Նախկին Հարավսլավիայի գործով Հաագայի միջազգային դատարանը բոսնիացի խորվաթների նախկին 6 ռազմական եւ քաղաքական առաջնորդներին դատապարտել է 10-25 տարվա ազատազրկման՝ 90-ական թվականներին բոսնիական պատերազմում նրանց կողմից իրագործված ռազմական հանցագործությունների համար:

Բոլոր վեցն էլ մեղադրվում են մարդկության դեմ իրագործված հանցագործությունների, ինչպես նաեւ մահմեդական բնակչության հալածման, սպանությունների եւ բռնի գաղթի ենթարկելու մեջ մասնակցություն ունենալու համար: 
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ամբաստանյալներից ամենաերկար պատժաչափն ստացել է ինքնահռչակ Հերցեգ-Բոսնա կազմավորման նախկին վարչապետ Յադրանկո Պրլիչը:

20-ական տարվա ազատազրկման են դատապարտվել Պաշտպանության նախարար Բրունո Ստոիչը եւ խորվաթական ռազմական միավորումների ղեկավարներ Սլոբոդան Պրալիկը եւ Միլեւոյ Պետկովիչը:
Ըստ «ՌԱՊՍԻ» գործակալության՝ դատարանը հաստատել է նաեւ, որ վերոնշյալ հանցագործություններին իրենց մասնակցությունն են բերել Խորվաթիայի այժմ արդեն հանգուցյալ նախագահ Ֆրանո Տուդժմանը, պաշտպանության նախարար Գոյկո Շուշակը, մինչեւ 1995 թ. խորվաթական բանակի գլխավոր շտաբի պետ Յանկո Բոբետկոն, ինչպես նաեւ Հերցեգ-Բոսնիայի նախագահ Մատե Բոբան:
Նշենք որ խորվաթական Հերցեգ-Բոսնան՝ Մոստարե մայրաքաղաքով, 1991-1994թթ-ին Բոսնիա Հերցեգովինիայի տարածքում չճանաչված հանրապետություն է եղել: