Ուկրաինայի զբոսաշրջության եւ առողջարանների գործակալության կողմից մայիսի 21 – 25-ին պրես-տուր էր կազմակերպվել ԱՊՀ լրագրողների համար: NEWS.am գործակալությունը շնորհակալություն է հայտնում Ուկրաինայի դեսպանատանը հրավերի համար եւ ներկայացնում է հրապարակումների շարք (ֆոտոռեպորտաժ):

Եվպատորիայի ավելի քան երկուսուկես հազարամյա պատմության ընթացքում քաղաքի վրա իրենց հետքն են թողել բազմաթիվ ժողովուրդներ ու մշակույթներ: Այսօր Եվպատորիայում պատմության 180 հնագիտական, ճարտարապետական եւ արվեստի հուշարձան կա: Ներկայումս Ղրիմում բնակվում են ավելի քան 100 ազգի ներկայացուցիչներ: Հաշվի առնելով, որ քաղաքում կան տարբեր ազգերի եւ դավանանքների պաշտամունքային կառույցներ, մշակվել էր հատուկ զբոսաշրջային ուղի` «Փոքրիկ Երուսաղեմ», որն ընդգրկում էր յոթ պատմական հուշարձան:

Այն ներառում է Խան Ջումա մզկիթը, կարաիմական կենասաները, որոնք, ի դեպ, զարմացնում են իրենց ճերմակությամբ եւ ներդաշնակությամբ, հրեական սիանգոգը, որի մուքի մոտ կախված էր «Ֆաթիմայի ձեռքը», իսկ հատակին Դավթի Աստղն էր:

Իսկ Դերվիշների «տան» փայտե դարպասները բացվելուց հետո մեզ դիմավորեց տարեց մի կին: Բարեհամբյուր տատիկը, պարզվեց, ԱՊՀ-ում միակ կին դերվիշն է` Ալիֆե խանում Յաշլավսկայան: «Սխալ է դերվիշների պտույտը պար համարելը, դա պար չէ, այլ աղոթք, մեդիտացիա: Դերվիշները ժամանակակից էքստրասենսեր են»,-պարզաբանեց նա:

Եվպատորիայում նաեւ ուղղափառ տաճար եւ հայկական եկեղեցի կա, սակայն, ցավոք, չհասցրեցինք այցելել ժամանակի սղության պատճառով:Եվպատորիան, իհարկե, միայն պատմամշակությանին հուշարձանները չեն, այլ առաջին հերթին հանգիստ ու բուժում:

«Թափառող դերվիշների» այցը Եվպատորիա ավարտվեց զբոսաշրջային ցուցահանդեսին մասնկցությամբ եւ Ղրիմի զբոսաշրջության եւ առողջարանների նախարարի ասուլիսով: Ի դեպ, ցուցահանդեսին ներկայացված էր նաեւ «ԱրմԷթնոՏուր» հայկական զբոսաշրջային ընկերությունը:

Ղրիմի զբոսաշրջության եւ առողջարանների նախարար Ալեքսանդր Լիեւի խոսքով` այս տարի նախատեսվում է մոտ 100 փառատոնի անցկացում: Ղրիմում զբոսաշրջության զարգացման ոլորտում հաջողությունը թեեւ բավարար չէ ղրիմցիների տեսակետից, սակայն ակնհայտ է. այս տարեսկզբից թերակղզի է այցելել 29%-ով ավելի զբոսաշրջիկ, քան նախորդ տարի:

Գները, բնականաբար, համապասխանաբար աճել են, սակայն ոչ զգալի. Եվպատորիայում եւ Սակիում 2%-ով, ինչը ցածր է գնաճից: Միայն մայիսի տոների հետ կապված Ղրիմ է այցելել 170 հազար զբոսաշրջիկ: Այստեղ աշխատում է 1600 էքսկուրսավար: «Սա ավելին է, քան Բաքվում կամ Երեւանում»,-արձանագրեց նախարարը: Նրա խոսքով` ծրագրվում է «Ղրիմի յոթ հրաշալինքերը» մրցույթի անցկացում: «Դժվար է ընտրել 12 հազար ճարտարապետական եւ 150 հազար բնական հուշարձաններից»,-նշեց նա: Աշխատանքներ են տարվում Ղրիմի պատմամշակութային օբյեկտներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու վերաբերյալ: