Հունիսի 3-ի առավոտյան շարունակվում են Թուրքիայի կառավարության եւ անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականի պահանջներով բողոքի ցույցերը: Ցուցարարները վարչապետին բռնապետ են անվանում: Ձերբակալվել է 1,7 հազար մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ստամբուլի կենտրոնում  «Գեզի» զբոսայգու ծառահատման պատճառով սկսված բողոքի շարժումը  տարածվել է թուրքական 67 քաղաքներում: Մայիսի 31-ից սկսած բողոքները չեն դադարում Ստամբուլում, Անկարայում, Անթալիայում, Իզմիրում եւ Կոնիայում:  

Վարչապետ Էրդողանը մողադրում է Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցությանը: Ըստ նրա` հենց այդ կուսակցությունն է հրահրել ցույցերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Էրդողանը նաեւ հայտնել է, որ  բողոքի մասնակիցներն իրենց գործողություններով «քայքայում են ժողովրդավարության հիմքերը»:Anonymous խմբավորման հաքերները հարձակվել են թուրքական մի քանի  կառավարական կայքերի վրա` այդպիսով սատարելով ցուցարարներին: Կոտրվել են վարչապետի եւ ՆԳՆ-ի պաշտոնական կայքերը:  

Արտասահմանյան հարցերով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը դատապարտել է թուրքական իշխանություններին` երկրի մի շարք քաղաքներում ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու համար: Նրա մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ինքը «խորապես անհանգստացած է Ստամբուլում եւ Թուրքիայի մի շարք քաղաքներում դրսեւորված բռնությամբ»:

Մինչդեռ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հերքել է անկարգությունների ընթացքում երկու զոհերի վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունը, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Mynet Haber-ին:

Թուրքիայում վեցերորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին Ստամբուլի կենտրոնի Թաքսիմ թաղամասի Գեզի այգու ծառահատման եւ այդ վայրում առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու վերաբերյալ իշխանությունների որոշմումից հետո:  Բողոքողներին սատարել են Թուրքիայի նահանգների գրեթե կեսը, ինչպես նաեւ Եվրոպայում ապրող թուրքերը: Անկարայում ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը: