«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր՝ մարտի 2-ին Եվրամիության հայաստանյան գրասենյակում հանդիպել են Եվրամիությունում նախագահող Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսի ղեկավարած պատվիրակությանը:

Կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը «Ժառանգությունը» օրվա հրամայական է համարել ընտրական համակարգի բարեփոխումը` առաջիկայում ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու նպատակով, դատական համակարգի բարեփոխումները` իշխանությունների կողմից հեռախոսային կամ պատվիրված անարդար դատավճիռներ պարտադրելը եւ մարդկանց իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտելը բացառելու նպատակով, Հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտի բարեփոխումները, մասնավորապես` Հ1-ի վերակազմավորման միջոցով այնպես, որ հանրային հեռուստաեթերը մատչելի լինի ընդդիմադիր ուժերին` ընտրողների հետ հաղորդակցվելու առումով, Ա1+-ի վերաբացումը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարման լույսի ներքո, ապագայում նոր մարտի 1-երը բացառելը` 2008-ի ողբերգության բացահայտման ճանապարհով, երթերի, ցույցերի եւ հանրահավաքների կազմակերպման մասին օրենսդրության բարեփոխումն ու գործնական կիրառումը, Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի բարեփոխումը եւ կուսակցությունների պետական ֆինանսավորման մեծացումը:

Հանդիպման վերջում Մորատինոսը ողջունել է «Ժառանգության» ժողովրդավարական եռանդուն գործունեությունը` հուսադրելով, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման արդյունքում տարեցտարի կբարելավվի ընդդիմության գործունեության միջավայրն ու իրավունքները: