Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ճանապարհային ոստիկանության 4 տեսուչների` հենց այն քրեական գործով, որով ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը նրանցից երկուսին ճանաչել էր որպես տուժող:

Փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ին հայտնեց, որ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնի քննչական բաժնում 2009 թ. հունիսի 27-ին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Հակոբյանի եւ Արտակ Մուսայելյանի կողմից իշխանության ներկայացուցչի` ոստիկաններ Արման Չուխաջյանի ու Հակոբ Ջանյանի նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:

Արման Չուխաջյանն ու Հակոբ Ջանյանը քրեական գործով զեկուցագրեր են գրել եւ որպես տուժող ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր Արթուր Հակոբյանն եւ Արտակ Մուսայելյանը բռնություն են գործադրել իրենց նկատմամբ: Երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրանք կալանավորվել էին: Դա կատարվել էր այն պայմաններում, երբ ոստիկաններին «դիմադրություն ցույց տալու» հետեւանքով Արտակ Մուսայելյանն ու Արթուր Հակոբյանը ստացել էին բազմաթիվ մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ Ա.Հակոբյանը ստացել էր քթոսկրի երկու կոտրվածք, Ա.Մուսայելյանը գլխուղեղի ցնցում:

Գործը քննող ոստիկանությունն ամեն կերպ փորձում էր պաշտպանության տակ առնել ոստիկաններ Ա.Չուխաջյանին ու Հ.Ջանյանին՝ անգամ անմեղ մարդկանց մեղադրելու եւ կալանավորելու գնով:

Իրականում 2009թ. հունիսի 27-ին Երեւանի Պարոնյան փողոցում կայանած Արթուր Հակոբյանի ավտոմեքենային իրենց ծառայողական ավտոմեքենայով մոտեցել են ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչներ Հ.Ջանյանն ու Ա.Չուխաջյանը: Ծանոթ լինելով Արթուր Հակոբյանին՝ ոստիկանները խոսակցության են բռնվել Արթուր Հակոբյանի հետ: Խոսակցության ընթացքում Արթուր Հակոբյանին է մոտեցել նաեւ վերջինիս ընկեր Արտակ Մուսայելյանը: ՃՈ աշխատակիցներ Հ.Ջանյանն ու Ա.Չուխաջյանը իրենց ծառայողական պարտականությունների հետ բացարձակ առնչություն չունեցող մտացածին պատճառով վեճի են բռնվել Ա.Մուսայելյանի հետ, ապա ռադիոկապով նշված վայր կանչելով ՃՈ մի քանի այլ աշխատակիցների, նրանց հետ միասին սկսել են հայհոյանքներ տալ Ա.Հակոբյանի եւ Ա.Մուսայելյանի հասցեին, եւ բռնություն գործադրելով՝ ՃՈ աշխատակիցները Մուսայելյանին տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Բաժնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակել են դաժան ծեծի ենթարկել Ա.Մուսայելյանին, ինչպես նաեւ ծեծի հետեւանքով վերջինիս ձայնը լսած եւ բաժնի շենք մտած Ա.Հակոբյանին:

Արդյունքում Ա.Հակոբյանն ու Ա.Մուսայելյանը ոստիկանության բաժնից շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պահանջել են, որ նրանք բուժում ստանան հիվանդանոցային պայմաններում, անգամ այդ մասին գրվել է Ա.Հակոբյանի եւ Ա.Մուսայելյանի հիվանդության պատմագրերում, սակայն ոստիկանները դա թույլ չեն տվել եւ նրանց հարկադրաբար տարել են հիվանդանոցից: Եւ չնայած այն հանգամանքին, որ Ա.Հակոբյանը եւ Ա.Մուսայելյանը քրեական գործով եղել են իրական տուժողները, նրանք դաժանաբար ծեծի են ենթարկվել ճանապարհային ոստիկանների կողմից, այդուհանդերձ ձերբակալվել են ոչ թե ոստիկանները, այլ նրանց կողմից բռնության ենթարկվածները: Ձերբակալված անձանց պահման վայրում Ա.Հակոբյանի եւ Ա.Մուսայելյանի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով 2 անգամ շտապօգնության բժիշկներ են հրավիրվել:

Նման պայմաններում ոստիկանությանը չհաջողվեց կոծկել իրականությունը, Ա.Հակոբյանի եւ Ա.Մուսայելյանի պաշտպանների բազմաթիվ դիմումների եւ բողոքների արդյունքում 2009թ. հուլիսի 28-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու, որտեղ իրականացված նախաքննությամբ պարզվել է իրականությունը:

Ա.Մուսայելյանն ու Ա.Հակոբյանը ազատ են արձակվել կալանքից, իսկ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Արման Չուխաջյանին, Հակոբ Ջանյանին եւ նրանց հետ միասին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ճանապարհային ոստիկանության եւս երկու աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է Արման Չուխաջյանի եւ Հակոբ Ջանայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, ինչը սակայն դատարանը մերժել է:

Դատախազությունն այժմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ հիմնավորելով ոստիկանության տեսուչներին կալանավորելու անհրաժեշտությունը:

Ըստ փաստաբանի՝ ոստիկանությունում ծառայության ոչ այնքան երկար փորձ ունեցող Հակոբ Ջանյանի եւ Արման Չուխաջյանի «կարիերայի» ընթացքում սա առաջին հերոսությունը չէ: Դեռեւս 2009թ. հունվարին սույն ոստիկաններին դուր չէր եկել, որ իրենց կողմից տուգանվող վարորդը հեռախոսով նկարում է իրենց: Դա բավարար էր եղել նրանց համար, որ հարձակվեն ու բռնություն գործադրեն նկարահանող վարորդի ու ուղեւորի նկատմամբ: Այդ փաստով եւս ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել ու ոստիկանները ճանաչվել էին տուժող: Ի վերջո այդ քրեական գործը կարճվեց եւ ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա ոչ ոք չդատապարտվեց, սակայն անպատիժ մնացին նաեւ ճանապարհային ոստիկանները, ինչն իր դերն ունեցավ նրանց հետագա առավել սանձարձակ վարքագծի համար:

«Վաղուց է հասունացել ոստիկանի առանց այն էլ չփայլող վարկն ու համազգեստի պատիվն արատավորող ստահակներին սանձելու ժամանակը»,- նշել է Լուսինե Սահակյանը: