Երեկ` մարտի 1-ին ժամը 16-ից Հայաստանի Ազգային ժողովում անջատված են եղել առնվազն 4 լրատվական կայքեր, որոնց թվում են NEWS.am-ը, a1plus.am-ը, hetq.am-ը եւ lragir.am-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ով նշեց նաեւ, որ իրենք չեն կարողացել այցելել նշված կայքեր, այն դեպքում, երբ մնացած բոլոր կայքերը շատ արագ ու հեշտությամբ բացվում էին:

Հիշեցնենք, որ երեկ Հայ ազգային կոնգրեսը ժամը 17-ին հանրահավաք էր հրավիրել Մատենադարանի մոտ, որտեղից տեղեկատվությունը առաջինը հայտնում էին հենց այս կայքերը: Հանրահավաքը նվիրված էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների երկրորդ տարելիցին:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Գոհար Պողոսյանը հերքեց այս տեղեկությունը, նշելով, որ «am» դոմենով բոլոր կայքերը այդ ժամանակահատվածում բացվել են: Չեն բացվել միայն մի շարք արտերկրյա կայքեր, ինչը տեխնիկական պատճառներ է ունեցել: Որոշ ժամանակ անց «Արմինկո» ընկերությունը վերացրել է անհարթությունը: Գ. Պողոսյանը ասաց նաեւ, որ այդ ընթացքում ինքն անձամբ բացել է հիշյալ կայքերը եւ այնտեղից տեղեկատվություն վերցրել: