Այսօր՝ մարտի 2-ին, Հայաստանի Նկարիչների միությունում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, գոբելենագործ Անուշ Եղիազարյանի անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։
Ներկաների թվում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մի շարք արվեստաբաններ, ինչպես նաեւ ՀՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը։ Նրանք, շնորհավորելով Անուշ Եղիազարյանին, փաստեցին, որ գոբելենագործությունը արվեստի մակարդակի բարձրացվեց միայն 20-րդ դարում, իսկ արդեն 60-ականներին Ա. Եղիազարյանի հոր՝ Կարապետ Եղիազարյանի ջանքերով այն վերածնունդ ապրեց Հայաստանում։
Ցուցահանդեսի կազմակերպիչ Անուշ Եղիազարյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով հյուրերին, հայտարարեց, որ սա իր առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում՝ տեղեկացնելով, որ մինչ այս՝ ինքը բազմաթիվ այլ ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում,Պրահայում, Պլովդիվում եւ այլ քաղաքներում, խմբակային ցուցահանդեսների է մասնակցել նաեւ Հայաստանում։
«Սա երկնած կնոջ վիճակի պես մի բան է, երբ նա լույս աշխարհ է բերում իր զավակին. այդպես է եւ իմ պարագայում, որովհետեւ այսօր ներկայացնում եմ իմ՝ 20 տարվա ընթացքում ծնված աշխատանքները»,- ասաց Անուշ Եղիազարյանը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսին ներկայացված են շուրջ 50 ամենատարբեր չափերի աշխատանքներ։
Նշենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մարտի 12-ը։



























