Այսօր` մարտի 2-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների եւ ԵՄ նախագահող Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակության հանդիպումը: ԵՄ նախագահողը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը, կարեւորելով Հայաստանի հետ հարաբերությունների հիմքում դրված եվրոպական արժեքներն ու առաջնայնությունները:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը խոսել է երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղբանտարկյալների խնդիրների մասին և ներկայացրել երկրում սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող համաժողովրդական պայքարը` կարևորելով արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը կարևորել է քաղբանտարկյալների ազատ արձակման գործում միջազգային հանրության աջակցությունը: Այնուհետև ներկայացվել են Կոնգրեսի մոտեցումները ԼՂ հիմնահարցի եւ հայ-թուրքական խնդիրների վերաբերյալ:

Լևոն Զուրաբյանը նաեւ փոխանցել է ՀՀ առաջին նախագահի նամակները ԵՄ նախագահին եւ ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը: Ավելի ուշ, ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ կայացել է Իսպանիայի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: