«Ղարաբաղի խնդիրը շատ հին է եւ շատ բարդ։ Ադրբեջանն ու Հայաստանն այն ժամանակ մեղադրում էին ինձ այն բանում, որ ես պաշտպանում եմ կողմերից մեկին, բայց դա այդպես չի եղել»,- «Կոմերսանտ» թերթի հետ օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչեւը։

«Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել։ Հեղաշրջման ժամանակ եւ դրանից հետո որոշվեցին ներքին եւ արտաքին սահմանները, կիսվեցին հողերը։ Ընդ որում, կիսվեցին այնպես, որ հարեւանները կախման մեջ լինեն միմյանցից, որպեսզի առճակատումը միշտ առկա լինի, իսկ Մոսկվան հանդես գա իբրեւ դատավոր։ Խնդիրներ ծագել են բոլոր ժամանականերում ՝ պատերազմից առաջ, պատերազմից հետո»,- հայտարարել է Գորբաչեւը։

Ինչպես նշել է Գորբաչեւը, նա միշտ ասել է, որ ազգային հողի վրա ծագած նմանատիպ հակամարտությունները չեն կարող լուծում ունենալ, «եթե ինչ-որ մեկը հաղթող լինի, իսկ մյուսը՝ պարտվող»։ Նրա կարծիքով, որպեսզի խնդիրը լուծվի, երկու կողմերն էլ պետք է կոնսենսուս գտնեն. «Հնարավոր է, երբ միացյալ Եվրոպա լինի, հանգույցն ավելի հեշտ կլինի բացել»։