Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 5-ին մեկնում է Ֆրանսիա: Փարիզում նա հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Էլմար Մամեդյարովը հայտնել է մարտի 2-ին ԵՄ-ում նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ:
«Եթե համանախագահները Փարիզում մեզ նոր առաջարկներ ներկայացնեն, Ադրբեջանը պատրաստ է դրանք քննարկել»,- ասել է Մամեդյարովն ու հավելել, որ Բաքուն վերջին 2 տարվա ընթացքում աշխատում է մադրիդյան սկզբունքների շուրջ եւ այս փուլում մտադիր չէ հանդես գալ նոր առաջարկություններով: Նա ընդգծել է, որ բոլոր հարցերն իրենց պատասխաններն ստացել են Աթենքի հանդիպման ժամանակ:
«Մենք անհրաժեշտություն չենք տեսնում այսօր հանդես գալ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ նոր առաջարկներով, որոնք, ընդհանուր առմամբ, սկզբունքորեն նշում են, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ ԼՂ խնդիրը լուծելու համար: Նման անհրաժեշտությունը կախված կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ իմ հանդիպումից, որը կկայանա մարտի 5-ին Փարիզում»,- ասել է Մամեդյարովը:



























