«Եթե համարժեք առաջնորդ լինի, եթե համարժեք ծրագիր լինի, ես չեմ բացառում այդ հնարավորությունը»,- մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հունիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությանը, նշել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի իր հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը պահանջել է հունիս-սեպտեմբեր ամիսներին անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, դա հիմնավորելով նրանով, որ վերջին կեղծված նախագահական ընտրություններից հետո ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլեւ ավելի է խորացել:
Ա. Մելիքյանը կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ն իր այս քայլերով կարող է հաջողության հասնել, եւ ի վերջո, նրա քայլերը կարող են տիրող անարդարությունների համապատկերում հասարակության շրջանում շիկացնել մթնոլորտը եւ հասցնել արտահերթ ընտրությունների: Միաժամանակ նա նաեւ հավելել է, որ այս պայմաններում արտահերթ ընտրություններն է՛լ ավելի կարող են խորացնել ճգնաժամը և բևեռացնել հասարակությանը, որովհետև այս բևեռներից յուրաքանչյուրը փաստացի մերժողական վերաբերմունք է դրսևորում իր հակառակորդի հանդեպ և փորձում է միաբևեռ Հայաստան ձևավորել:




























