«ՀայՌուսգազարդ» ընկերությանը գազի սակագնի բարձրացման համար դատի տալու Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած ստորագրահավաքը ակտիվորեն շարունակվում է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Վերջինիս խոսքով, ընդդիմության ակտիվիստները ստորագրություններ են հավաքում բնակչության շրջանում՝ որպես համահայցվոր ներկայացնելու համար: Մուսինյանը նշեց, որ ստորագրահավաքի արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի՝ մարտի 1-ին կայացած հանրահավաքում հայտարարվել էր, որ ընդդիմությունը մտադիր է հայցով դիմել դատարան՝ անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որով 1 խմ գազի գինը 96 դրամից հասցվել է 132 դրամի: