Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ԱԱԾ քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ 2009թ. հուլիսի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ ՀՀԳՎ 8-րդ բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննման են ենթարկել Թեհրանից Երեւան ժամանած Հայաստանի քաղաքացիներ Հ. Գեւորգյանին եւ Մ. Ավետիսյանին, որի արդյունքում Մ.Ավետիսյանի մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցրած, ապօրինի ձեռք բերած 0,5 մգ քացախաթթվի անհիդրիդ:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչություն, իսկ 2009թ. հուլիսի 15-ին նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է նույն վարչության քննիչ Վլադիմիր Կոթոլյանին: Սակայն քրեական գործի հարուցումը մերժելու եւ Մ. Ավետիսյանին եւ Հ. Գեւորգյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար քննիչ Վ. Կոթոլյանը Հ. Գեւորգյանից պահանջել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Պահանջված գումարը երկու մասնաբաժնով` 2000-ական ԱՄՆ դոլար, Վ. Կոթոլյանը ստացել է 2009թ. հուլիս եւ օգոստոս ամիսներին` «Մամա-Միա» սրճարանում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Կոթոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: