Հայաստանի պաշտանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Տավուշի մարզում սպանված հայ զինծառայողը սպանվել է հայկական դիրքերում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետեւանքով սպանվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը: Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՀ ՊՆ մամլո ծառայությանը, մարտի 2-ին տեղեկություն են տարածել, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական դիրքերում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով, կան վիրավորներ, ձերբակալվածներ:

«Այս կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը սպանվել է հակառակորդի կողմից արձակված գնդակից»,- ասված է հաղորդագրության մեջ: