Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարտի 3-ին կայացած հանդիպմանը:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպմանը կարեւորել է համաեվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան եւ ասել, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին:

Վիլֆրիդ Մարթենսն ասել է, որ կոալիցիայի անդամ կուսակցությունները դիմում են գրել՝ անդամացկելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը, եւ առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն` ուսումնասիրելու նրանց հայտերը եւ սկսելու անդամակցության ընթացակարգը:

Նախագահը եւ Եվրոպական Ժողովրդական կուսակցության ղեկավարը քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանը, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցերը։ Վիլֆրիդ Մարթենսը նշել է, որ Հայաստանը եվրոպական երկիր է, անդամակցում է Եվրախորհրդին, ընդգրկված է Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրում: Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերությունը դիտում է «հնարավորությունների պատուհան» եւ ձգտում է լավագույնս օգտագործել ընձեռված հնարավորություններն ու լայնածավալ բարեփոխումներ իրականացնել տարբեր ոլորտներում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այս խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երեւանի մոտեցումները: