Արգենտինայում եւ համատեղության կարգով` Ուրուգվայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը մարտի 1-ին Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորընտիր նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խոսե Մուխիկայի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Մոնտեվիդեո էին ժամանել Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Էկվադորի, Կոլումբիայի, Բոլիվիայի, Պարագվայի եւ հարավամերիկյան տարածաշրջանի այլ երկրների նախագահներ, բարձրաստիճան պատվիրակություններ եվրոպական, աֆրիկյան եւ ասիական երկրներից:
Մարտի 2-ին, Հայաստանի դեսպանը մասնակցել է Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի նախարար Էկտոր Լեսկանոյի եւ փոխնախարար՝ մեր հայրենակից Լիլիան Քեշիշյանի կողմից պաշտոնի ստանձման արարողությանը:
Նախարար Լեսկանոն իր խոսքում հատուկ ընդգծել է արարողությանը Հայաստանի դեսպանի ու ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչների ներկայության փաստը:
Միջոցառման ավարտից հետո դեսպան Կարմիրշալյանը կարճատեւ զրույց է ունեցել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի հետ: Ուրուգվայի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ու խորացնել երկու պետությունների միջեւ բազմակողմանի համագործակցությունը:




























