Հյուսիսային Կորեայի պաշտոնական հեռուստաալիքները տարածել են երկրի պաշտպանության պետական կոմիտեի հայտարարությունը` միջուկային խնդրի հետ կապված ԱՄՆ-ի հետ բանակցությունների անհրաժեշտության մասին:
Իշխանությունների կարծիքով` Վաշինգտոնի հետ երկխոսությունը կնպաստի թերակղզում լարված իրավիճակի թուլացմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Փհենյանը պահնաջում է, որ ԱՄՆ-ն այդ քայլին գնա առանց նախապայմանների: Հյուսիսային Կորեան ժամկետների եւ վայրի ընտրությունը թողնում է Վաշինգտոնին: Նշվում է նաեւ, որ Փհենյանը պատրաստ է քննարկել միջուկային ապասպառազինման հարցը, սակայն ոչ միակողմանի կարգով: Հիշեցնենք, որ կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան:




























