Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Թուրքիայում կոնֆլիկտի բոլոր շահագրգիռ կողմերին երկխոսության կոչ է անում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Յագլանդը հետեւում է Թուրքիայում իրադարձությունների զարգացմանը  եւ կարծում է, որ բռնության էսկալացիան անթույլատրելի է ու անհրաժեշտ է երկխոսություն կոնֆլիկտի մասնակիցների միեջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵԽ գլխավար քարտուղարը հակամարտող կողմերին  հիշեցրել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված օրինական չափանիշների պահպանման անհրաժեշտության մասին, այդ թվում` հավաքների ազատության»:

Նա նշել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է գործեն` հարգելով ցուցարարների իրավունքը:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են դադարեցնել «Գեզի» այգու վերակառուցումը եւ ծառերի հատումը: Ավելի վաղ վարչապետ Էրդողանը վերջին նախազգուշացումներ էր արել բողոքողներին եւ հրամայել լքել այգին: Հաղորդվում էր նաեւ, որ իշխանությունները համաձայնել են հանրաքվե իրականացնել «Գեզի» այգու ճակատագրի հարցով: Ցույցեր են անցկացվում ողջ երկրում: