Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը որոշել է հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարել է հունիսի 16-ի երեկոյան` իր գլխավորած Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության վարչության նիստից հետո:
Հրաժարականի պաշտոնական դիմումը կներկայացվի հունիսի 17-ին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նեչասը հայտարարել է, որ «եկել է պահը, եւ ես ինձ վրա քաղաքական լիակատար պատասխանատվություն եմ վերցնում»:
Հիշեցնենք, Նեչասի հրաժարականը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ, որում խառն են Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավորներ:
Կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել էր նաեւ Նեչասի գրասենյակի պետը, որին սպառնում է հինգ տարվա ազատազրկում:
Ըստ վերլուծաբանների` Պետր Նեչասի հեռանալը կարող է դառնալ ամբողջ կառավարության հրաժարականի եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջին քայլը:
Պետր Նեչասը կրթությամբ ֆիզիկոս է, կառավարությունը գլխավորել է 2010թ. հուլիսի 13-ից, երբ իրեն վարչապետի պաշտոնում էր նշանակել երկրի այն ժամանակվա նախագահ Վացլավ Կլաուսը: Մինչ այդ Նեչասը զբաղեցրել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալի (1995-1996) եւ աշխատանքի նախարարի (2006-2009) պաշտոնները:




























